«Հոր օրհնությունը ամրացնում է որդիների տները, իսկ մոր անեծքը խարխլում է հիմքերը» (Սիրաք 3:8):
Եվ այսպես, 2025թ. հունիսի 27-ին մեր սերունդը ականատես եղավ, թե ինչպես ներկա իշխանությունը անցավ գուցե թե վերջին կարմիր գիծը՝ մեր ՏԻՐՈՋ ԻՋՄԱՆ ՎԱՅՐԸ Սուրբ Էջմիածնում:
Դեռ անցած դարի կեսերին, երբ ընթանում էր Նյուրնբերգյան դատավարությունը նացիստական հանցագործների հանդեպ, նրանք բոլորն էլ որդեգրել էին մարտավարություն, որի ամբողջ իմաստը այն էր, որ իրենց կատարած բոլոր մարդախոշոշ հանցագործությունների մեղքը գցեին իրենց հրաման տվողների և ընդհանրապես իրենցից վերև գտնվող բոլոր ղեկավարների վրա՝ ասելով, թե իբր իրենք փոքր մարդիկ են, ենթակա իրենց հրաման տվողներին և միայն իրենց ծառայությունն են կատարել:
Սակայն նրանք բոլորն էլ այդ պատճառաբանություններով չարդարացվեցին և կրեցին արժանի պատիժը:
Ցավոք, մարդկային հիշողությունը շատ կարճ է և կարելի է համեմատել հավի հիշողության հետ:
Նյուրնբերգյան սինդրոմը մեր օրերում գոյություն ունի նաև հայ ստրկամիտ ու հաճկատար ծառայողների մոտ, ովքեր հանուն տերերի կերակրատաշտից ընկած մի փշրանքի, պատրաստ են ոտատակ տալ ամեն նվիրական ազգային, հոգևոր, մշակութային, բարոյական, ավանդական, ընտանեկան և այլ արժեքներ: Հանուն այդ փշրանքի, որը կարող է լինել փող, պարգևավճար, արտոնություն, պաշտոն և այլն, նրանք հավանաբար կպղծեն անգամ սեփական ծնողներին՝ հետագայում իրենց պետերի վրա ամեն ինչ բարդելու միջոցով արդարացմամբ:
Մեր ժողովրդի մի հատվածի ծաղրի, ծիծաղի, անտարբերության, համաձայնության հովանու ներքո, ծառայամտությամբ ու ստրկամտությամբ տոգորված հաճկատարները անարգանքի ենթարկեցին մեր Սրբության Սրբոցը:
Այս երկու հատվածների պատկերավոր բնութագիրն իր ժամանակին տվել է հայտնի անգլիացի գրող Ռեդյարդ Քիպլինգը իր «Մաուգլի» ստեղծագործության մեջ:
«Նրանք կապիկների ցեղ են, նրանք օրենք չունեն, նրանք հերձվածողներ են, չունեն իրենց լեզուն, բայց գողացված բառեր են ասում, որ վերցնում են ուրիշներից, երբ ականջ են դնում և ծիկրակում։ Նրանք շարունակ պատրաստվում են սեփական առաջնորդ ունենալու, սեփական օրենքներ և սովորություններ սահմանելու, բայց երբեք չէին անում, որովհետև չունեին հիշողություն, մի օրվա դեպքերից ավելի չէին հիշում, շաղակրատում են, պարծենում և իրենց մեծ ժողովուրդ ձևացնում։ Նրանք շատ են, չար են և կեղտոտ, անամոթ և երազում են, եթե միայն որևէ երազանք ունեն՝ իրենց վրա սևեռել Ջունգլիի բնակիչների ուշադրությունը, նրանք ցեխ ու ընկույզ են նետում մեր գլխին ու ծիծաղում։ Կապիկները Ջունգլիների բնակիչների հետ չէին հանդիպում, բայց երբ նրանց հաջողվում էր հիվանդ գայլ, վիրավոր վագր կամ արջ գտնել, տանջում էին նրան՝ մասամբ զվարճության համար, մասամբ էլ ուշադրություն գրավելու համար։ Այնուհետև նրանք ոռնում էին, անմիտ երգեր երգում, հրավիրում Ջունգլիի բնակիչներին բարձրանալու իրենց մոտ՝ ծառերի վրա և փորձելու իրենց ուժը։ Կամ դատարկ բաների համար արյունահեղ կռիվներ էին սարքում։ Հետագայի մասին նրանք չէին մտածում։ Բանդար-լոգերը երբեք ոչ մի բանի մասին չէին մտածում» (Ռ. Քիպլինգ, «Մաուգլի»):
Բանդար-հնդկերենից թարգմանվում է կապիկ, իսկ լոգը՝-ժողովուրդ։
Մայր Աթոռի հանդեպ այդպիսի ոտնձգություն իրենց թույլ չէին տվել անգամ թուրք ելուզակները, սակայն հայ ընտանիքից դուրս եկած զավակները, առանց ամոթի ու խղճի խայթի, դա իրականացրեցին: Մի՞թե նրանք հույսեր են փայփայում, որ դիմակներով ծածկված լինելով խուսափելու են երբևէ պատասխանատվությունից, մարդիկ չտեսան ձեր դեմքերը, բայց ԱՍՏԾՈՒՑ հո չե՞ք թաքնվի:
Սթափվե՛ք մարդիկ, չեմ ասում հայեր, ուշքի բերե՛ք ձեր զավակներին, եղբայրներին, ամուսիններին, ծնողներին, ընկերներին, որոնք բռնել են ամեն ինչ ուրանալու ճանապարհը:
Պատմությունը շատ անաչառ դատավոր է և ոչ ոք չի ներվի, վաղ թե ուշ բոլորս էլ կանգնելու ենք ատյանի առաջ՝ կամ դեռ այս կյանքում կամ էլ ի, վերջո, ՏԻՐՈՋ առաջ:
ԱՍՏՎԱԾ մի արասցե, որ ձեր արածների պատասխանատվությունը ընկնի ձեր զավակների և ձեր սերունդների վրա, ինչպես որ ժամանակին բազմաթիվ բոլշևիկ, կոմսոմոլ անաստվածների կատարած հանցանքների համար իրենց կյանքերով ու դառը ճակատագրերով հատուցեցին նրանց ժառանգները, եթե ոչ հենց իրենք:
«ՔՈ հայացքը մի՛ շրջիր կարոտյալից և առիթ մի՛ տուր, որ մարդ անիծի քեզ, քանզի երբ նա իր հոգու դառնության պահին քեզ անիծի, նրա խնդրանքը
կլսի ՏԷՐԸ» (Սիրաք 4:5-6):
ՏԻՐՈՋ Նախախնամությունը միշտ գործում է և ոչ ոք Դրանից չի կարող խուսափել:
Ուշքի եկե՛ք, երիտասարդ ոստիկաններ, քննիչներ, իրավապահ համակարգի բոլոր ծառայողներ ու աշխատակիցներ, որպես գործիքներ ու խաղալիքներ մի՛ հանդիսացեք ամեն տեսակ թափթփուկ ղեկավարների ձեռքերում և մի՛ տրվեք նրանց քմահաճույքներին, նրանք միշտ էլ փոփոխվում են, ոչ ոք չի ծնվել պաշտոնի աթոռը հետույքին կպած և ոչ էլ գերեզման են տանելու դրանք իրենց հետ:
Միշտ էլ զոռբայից ավելի զորեղն է ի հայտ գալիս ու փոխարինում են մեկը մյուսին, մի՛ դարձեք քավության նոխազներ նրանց մեղքերի համար:
Ոչ մի դիմակ, զրահ ու վահան ձեզ չի պահպանի տառապող որևէ մոր, կնոջ, ծնողի կսկծացող սրտից ձեր հասցեին դուրս թռած անեծքների հետևանքից: Լինես ոստկանապետ, թե՛ այսպես կոչված «օպեր», շարքային թե՛ սպա, դաժան է լինելու այն հատուցումը, որը հետևելու է այդ անեծքներին:
«Նա, որ անեծք սիրեց, թող այն իրեն դիպչի, նա, որ չուզեց օրհնություն, թող այն հեռու լինի նրանից: Անեծքը, որ նա հագավ ինչպես հանդերձ, թող ջրի պես լցվի նրա փորը և ձեթի պես նրա ոսկորների մեջ» (Սաղմոս 108:17-18):
Հայացքներդ վեր հառե՛ք, նայե՛ք, թե ովքե՞ր կամ ո՞վ է ձեզ կարգադրում, մի՛ դարձեք խելագար դիվահարների, անխիղճ ուրացողների, հաշվենկատ կարիերիստների, պարզապես թշնամիների և նման այլ բախտախնդիրների կամակատարներն ու խամաճիկները:
Բազմաթիվ քաղաքական պոռնիկներ (հակիրճ՝ քպ), որոնք երեկ մի բան էին ասում, այսօր մի ուրիշ, իսկ վաղը հաստատ անելու են լիովին այլ բան, թող չլինեն ձեր համար ուղղորդողներ ու թելադրողներ, մանավանդ երբ հոգու, խղճի ու մտքի դեմ գնացող գործողությունների են դրդում: Իսկ ներկա իշխանությունները ոչ թե դավաճաններ են, այլ պարզապես թշնամիներ և փորձում են իրականացնել իրենց տերերի առաջադրանքները: Նրանց մեջ խլրտում է իրենց թշնամական գենն ու արյունը: Հայաստանի իշխանական բուրգի գագաթին այսօր թառել են Տաճարն ու մարգարեներին հալածող հինկտակարանյան Աքաաբի ու Հեզաբելի դուբլիկատները, որոնք իրենք իսկ հանդիսանալով որպես խամաճիկներ մեր թշնամիների ձեռքերում, խամաճիկների են վերածում նաև ի պաշտոնե իրենց ենթականերին՝ Նազարի նման կարգադրելով․ «գյադե՛ք, էս կողմն անցե՛ք, չէ՜, էն կողմն անցե՛ք»։
Նրանք մեր իրականությունոմ հանդիսանում են որպես երկու կպչուն ժապավեններ, որոնց վրա գայթակղված հավաքվում են ճանճերը և սատկում։
Իրենք հենց այդ երկուսի պես էլ ավարտելու են աշխարհում իրենց ընթացքը, որքան էլ որ կեղծ խաղաղության թմրանյութով ցանկանան բթացնել լսողների զգոնությունն ու սթափությունը:
«Եւ ԻՄ ժողովրդին մոլորեցնելու համար ասում էին՝ խաղաղությո՜ւն է, խաղաղությո՜ւն է, բայց խաղաղություն չէր լինում: Ժողովուրդը պատ էր կանգնեցնում, իսկ նրանք ցեխ էին քսում» (Եզեկիել 13:10):
Մի՛ ապրեք վախի ու ստորաքարշության մեջ, եղե՛ք որպես ազատներ և ՏԷՐԸ ձեզ կպահպանի:
Ասվածից պետք չէ հետևություն անել, թե պետության մեջ չպետք է լինեն կարգ ու կանոն հաստատող և պահպանող կառույցներ, դրանք գոյություն ունեն բոլոր համակարգերում և Աստվածադիր են ու կան նույնիսկ բնության մեջ, օրինակ մեղուների, մրջյունների բազմաթիվ կաթնասունների տեսակների և այլնի մոտ: Այդ կառույցներում ծառայողների համար լավագույն աշխատելաձևը տալիս է Ավետարանը.
Մաքսավորներն էլ եկան մկրտվելու և հարցրին նրան. «Վարդապե՛տ, մենք ինչ անենք»: Նա ասաց նրանց. «Ձեզ հրամայվածներից ավելին մի՛ վերցրեք»:
Զինվորները նույնպես հարցնում էին նրան. «Իսկ մե՛նք ինչ անենք»: Նա ասաց նրանց. «Ոչ ոքի մի՛ նեղեք, ոչ ոքի մի՛ զրպարտեք, ձեր ռոճիկը թող ձեզ բավարար լինի» (Ղուկասի 3:10-12):
Երբե՛ք, թող ոչ ոք չհայտարարի, թե Ավետարանում գրված է, որ ամեն իշխանություն ԱՍՏԾՈՒՑ է (Հռոմեացիներին 13:1) և պետք է հնազանդ լինել ամեն իշխանության։
Հունարենից ոչ ճիշտ թարգմանության հետևանք է դա: Իրականում առաքյալի ասածն է, որ այն իշխանությունն է ԱՍՏԾՈՒՑ, որը գործում է ԱՍՏԾՈՒ Օրենքներով, իսկ երբ իշխանությունը հանցանքներ է գործում, այն գոյտևում է զուտ ՏԻՐՈՋ Թույլատու Կամքով՝ մեր մեղքերի պատճառով։
Հենց առաքյալներն իրենք էին հակառակվում բռնակալներին, որոնք պարտադրում էին հրաժարվել ՏԻՐՈՋ Հավատից և ԱՍՏՎԱԾԱՅԻՆ Պատվիրաններից, մի՞թե նրանք պետք է կատարեին այն ամենը, ինչ պահանջվում էր իրենցից:
Չի կարող Հայաստանի ներկա իշխանությունը համարվել ԱՍՏԾՈՒՑ տրված, ՏԷՐԸ թույլ տվեց սրանց, որովհետև մենք մեր մոլորություններով, մեր գայթակղություններով և մեր հավաքական անհավատությամբ դրան էինք արժանի:
Այսօրվա մեր վիճակը գնահատելով, մի՞թե կարելի է պնդել, թե մենք Քրիստոնեությունն առաջինը պետականորեն ընդունած ազգն ու ժողովուրդն ենք, մեր փառավոր նախնիների արժանավոր ժառանգներն ենք: Ա՛յ, երբ մարդիկ կհասկանան իրենց անմխիթար ու մեղսալից վիճակի ողջ լրջությունը, կզղջան, կապաշխարեն, այդ ժամանակ էլ կարելի է հույս ունենալ, որ կունենանք ԱՍՏԾՈՒՑ տրված իշխանություն: Իսկ ապաշխարության կարո՛ղ է և պե՛տք է առաջնորդի հենց մեր Հայոց Լուսավորչահիմն Ուղղափառ Առաքելական Սուրբ Մայր Եկեղեցին:
«Գթասիրտ աչքով մի՛ նայեք. Մի՛ խղճաք ծերին ու մանկան, կույսին ու երիտասարդին: Կանանց էլ կոտորեցե՛ք, ջնջեցե:ք: Բայց ում վրա որ նշան կա՝ չմոտենա՛ք: Սկսե՛ք ԻՄ Սրբարանից»: Եւ սկսեցին ծեր մարդկանցից, որոնք տաճարի ներսում էին (Եզեկիել 9:6):
ՏԻՐՈՋ առջև մեր երկրի ու ժողովրդի ինքնամաքրումն ու ամրապանդումը սկսվելու է Եկեղեցուց, ապա անցնելու է ընտանիքներին և, ի վերջո, պետությանը:
Չհրաժարվե՛նք ՏԻՐՈՋ Ընտրյալը լինելու պատվից, չթոթափե՛նք մեզանից ՆՐԱ դրած Նշանը և պարծանքով կրենք Այն։
Աշոտ ՀՈՒՆԱՆՅԱՆ